Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տոննա ալյուրը այդ ճանապարհով Ստեփանակերտ տանելու հարցով։ Hayastan.news-ը տեղի լրատվամիջոցներից տեղեկանում է, որ ռուս խաղաղապահներն ասել են, որ այս երեկո բեռների տեղափոխումն անհնար է։
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտնել է, որ խաղաղապահներին իր հեռախոսահամարն է տրամադրել, որ պատասխան ունենալու դեպքում կապ հաստատեն իր հետ։
«Հայտնի չէ, թե երբ կարձագանքեն։ Պատասխանը ստանալուց հետո տեղեկությունը կտրամադրվի»,- լրատվամիջոցներին ասել է նա։
Ադրբեջանցիներն այդ հատվածում վրաններ կդնեն, դրա համար մեքենաները տեղաշարժվել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը այսօր երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։
Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։
Նշենք նաև, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին այս պահին իր բողոքի ակցիան է իրականացնում պատերազմում զոհվածներից մեկի քույր Հերմինե Խաչատրյանը։ Նա նշել է՝ ավելի լավ է սովից մահանա, քան թուրքի ալյուր ուտի։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։