«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախընտրական մրցապայքարում իրենք անում են ամեն ինչ, որ քարոզարշավն անցնի քաղաքական ու բարոյականության շրջանակներում։
«Ես որ գոտկատեղից ներքև հարվածեմ շատ ցավոք կլնի։ Յուրաքանչյուր ուժ ունի իր ուժեղ ռեսուրսը, իշխանության ռեսուրսը ֆեյքերն են, եթե Ֆեյսբուքը մի շաբաթ չլինի, իշխանությունը չի իմանա ինչով զբաղվի։ Հիմա իշխանության ռեսուրսը դա է, այդ ռեսուրսով են պայքարում։ Ինչ վերաբերում է անձնական տիրույթին, ցավով եմ արձանագրում, որ յուրաքանչյուր իշխանություն փորձում է տարբեր մեխանիզմներով պահել իշխանությունը և այդ հռետորաբանությունը, որ ընտրում է, շատ ցավալի է։ Ակնհայտ է, որ իշխանությունները թաքնվում են իրենց ֆեյքերի հետևում, ես ցանկացած իշխանության ներկայացուցչի հրավիրում եմ բանավեճի, բոլորին։ Թող գան, տեսնենք, թե «Ապրելու երկրի» «մեղքերը» որո՞նք են, որ Մանե Թանդիլյանի որդիները սովորում են աշխարհի լավագույն բուհերից մեկում, հա՞, որ Նիկոլ Փաշինյանի երեխան էլ է այսօր արտասահմանում սովորում, դա՞ է մեր մեղքը, որ Ավինյանն էլ արտասահմանում է սովորել ու չգիտեմ ոնց է բանակից ազատվել, դա՞ է մեր մեղքը, բա դա հարցրեք, թող բացատրեն, պատասխանեն։ Թե նրա մասին խոսենք, որ ՔՊ-ի թեկնածուների մի մասը չորրորդ դասարանի կրթություն չունի, որ գան իմ մոտ քննություն հանձնեն համալսարանում, կկտրվեն։ Չէ, մենք չենք պատրաստվում այդ մասին խոսել, մենք խոսելու ենք մեր ծրագրերից, իսկ հանրությունը դա շատ լավ գիտի»,-ասաց Առաքելյանը։
Նա նշեց, ովքեր կարմիր գծերն անցնում են, չափն անցնում են, սեպտեմբերի 17-ից հետո իրենց պատասխանը կստանան։