Հետևեք մեզ։

Ես պատրաստ եմ համագործակցել անգամ Հայկ Մարությանի հետ, որին տարիներ շարունակ քննադատել եմ․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

16:51, 30 օգոստոս 2023
Ես պատրաստ եմ համագործակցել անգամ Հայկ Մարությանի հետ, որին տարիներ շարունակ քննադատել եմ․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի «Լուսավոր Հայաստան» կուսակության կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Խաժակյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց՝ ընտրություններին որոշեց մասնակցել, որովհետև դժգո՞հ էր քաղաքային իշխանությունների կառավարումից։ «Ես չէի բաժանի՝ դժգոհ էի, թե գոհ էի։ Իհարկե, շատ հարցերում դժգոհ էի, բայց երբ մենք քննարկում ենք ինչ-որ հարցի լուծման ճանապարհներ, ակնհայտ տեսնում եմ, որ իմ բերած փաստարկներին շատ անգամ հակափաստարկներ չեն բերվում։ Ասում եմ՝ պետք է համատիրությունները վերացվեն, այնպիսի հակափաստարկներ են բերվում, որոնք ինձ համար ընդունելի չեն։ Եվդրա համար առաջադրվել եմ, որպեսզի իմ ծրագրերը ուղիղ մարդկանց ներկայացնեմ, ոչ թե այլ քաղաքական ուժերի»,-ասաց Դավիթ Խաժակյանը։

 

-Այսինքն՝ ընդդիմադի՞ր դիրքերից եք հանդես գալիս այս ընտրություններին։

 

-Ոչ իշխանական բոլոր թեկնածուներն ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, այդ թվում՝ նաև ես, այսինքն՝ Քաղպայմանագրից բացի մյուս բոլոր ուժերը։

 

-Որոշ ուժեր հայտարարել են, որ բացառում են հետընտրական կոալիցիան ՔՊ-ի հետ, եթե նման իրավիճակ ստեղծվի։ Դուք այս մասով ի՞նչ դիրքորոշում ունեք, ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմե՞ք, եթե անհրաժեշտ լինի։

 

-Մի թեկնածու ունեինք, որ 2018 թվականին ասում էր՝ կան սև ոժեր, կան սպիտակ ուժեր, ինքը սպիտակն էր՝ ենթադրվում էր։ Հիմա Դուք ինձ հարցնում եք՝ Դուք սև՞ն եք, թե՞ սպիտակը։ Ես էդ հարցադրումը միշտ մերժել եմ, հիմա ես չեմ կարող էդ հարցին պատասխանել։ Ինձ համար նման հարցադրում գոյություն չունի, եթե մենք ավագանիում լինենք մեծամասնության ուժը, ես օրենքի ուժով դառնալու եմ քաղաքապետ, եթե մենք լինենք առաջին տեղում՝ չունենալով մեծամասնություն, մյուսները պետք է միանան ինձ, եթե այլ ուժեր լինեն առաջին տեղում և հնարավորություն լինի կոալիցիա կազմելու, դա ենք քննարկելու։ Բայց եթե առաջին ուժ լինի մի ուժ, որը չի կիսում և չի ընդունում մեր ծրագրերը, որի մեջ ես առանցքային տեղ եմ տալիս համատիրությունների վերացմանը, այդ ուժի հետ էլ ես չեմ միանա, եթե չլինի միավորում․․․

 

-Այսինքն՝ Դուք չեք բացառում կոալիցիան թե՛ ՔՊ-ի, թե՛ մյուս ուժերի հետ։

 

-Ես այս ընտրություններին մասնակցող ուժ, կարելի է ասել, չեմ տեսնում, որի հետ հանուն քաղաքի խնդիրների լուծման համագործակցությունը կբացառեի։ Կա, օրինակ, Անդրանիկ Թևանյանը, որը բոլորովին այլ օրակարգով է մասնակցում, բայց դա քաղաքի հետ կապ չունի։

 

-Հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք հանուն քաղաքի պատրաստ եք համագործակցել Երևանի ավագանի անցած ցանկացած քաղաքական ուժի հետ։

 

-Անգամ Հայկ Մարությանի հետ, որին քննադատել եմ տարիներ շարունակ։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ