Հետևեք մեզ։

Ֆրանսիայից եկած հումանիտար բեռը շատ մոտ ապագայում տեղ կհասցվի․ Սյունիքի մարզպետ

17:59, 30 օգոստոս 2023
Ֆրանսիայից եկած հումանիտար բեռը շատ մոտ ապագայում տեղ կհասցվի․ Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական բեռների միջոցով օգնություն տրամադրելու նպատակով Հայաստան այցելած ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ այցելել է Կոռնիձոր ու նրանց ներկայացրել ստեղծված իրավիճակը, հաղորդում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
 
Պատվիրակության (ղեկավարում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն) կազմում են Փարիզի քաղաքային խորհրդի պաշտոնյաներ, ֆրանսիական ռեգիոնների ներկայացուցիչներ։
 
Ֆրանսիական կողմը ներկայացրել է այստեղ հասցրած մարդասիրական օգնությունը, դիտարկել Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետերը։
 
Կարևորելով Անն Իդալգոյի ու նրա գլխավորած պատվիրակության այցը՝ Ռոբերտ Ղուկասյանը նշել է․
 
«Շատ ողջունելի ու խրախուսելի է նախաձեռնությունը, և հումանիտար բեռը, որ կանգնեցվել է այսօր Կոռնիձորում՝ միջանցքի առջև, կարծում եմ՝ շատ մոտ ապագայում տեղ կհասցվի, որովհետև այն շարժումը, որ սկսվել է Ֆրանսիայում, բավականին մեծ է, ու շատ ազդեցիկ մարդիկ են նրանում ներգրավված։ Ինչպես միշտ Ֆրանսիան առաջինն է իր ողջ ներուժով արձագանքում և անում նույնիսկ անհնարինը, որպեսզի ճանապարհը բացվի․․․»։
 
Գորիսում կայացած ասուլիսում, որի ընթացում Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը պատասխանել է հայ ու ֆրանսիացի լրագրողների հարցերին, Փարիզի քաղաքապետը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է օգտագործի ՄԱԿ ԱԽ-ում իր դիրքը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների գծով բանաձև ընդունելու համար։