Հետևեք մեզ։

Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում են, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները

10:38, 31 օգոստոս 2023
Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում են, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները

Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետներ և ռազմական կցորդներ մեկնել են Ակնա՝ ծանոթանալու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին ստեղծված իրավիճակին։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

Հասնելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրանց հետ։ Վերջիններս խնդրել են ժամանակ՝ հարցը քննարկելու համար, որից հետո ադրբեջանցիները տեղում խրաններ են տեղադրել և գիշերել այնտեղ։

 

Խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել։

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել և իրենք չեն ընդունում Ադրբեջանից եկող բեռը։