Հետևեք մեզ։

45-ամյա բնակիչը դանակով սպառնացել է մի կնոջ, ձերբակալվելուց հետո հարվածել է ոստիկանին, կոտրել Շենգավիթի բաժնի ապակիները․ պարզաբանում

11:49, 01 սեպտեմբեր 2023
45-ամյա բնակիչը դանակով սպառնացել է մի կնոջ, ձերբակալվելուց հետո հարվածել է ոստիկանին, կոտրել Շենգավիթի բաժնի ապակիները․ պարզաբանում

Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: 


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:


Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: 


Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին: 


Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:


Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:


Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: 


Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար' ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: 


Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վերլուծական