Հետևեք մեզ։

Երբ ես վարչապետ էի, դիմել եմ Թուրքիայի վարչապետին և գործարք եմ առաջարկել, ոչ թե խնդրել եմ՝ մեզ հացով օգնեն․ Խոսրով Հարությունյան

12:24, 01 սեպտեմբեր 2023
Երբ ես վարչապետ էի, դիմել եմ Թուրքիայի վարչապետին և գործարք եմ առաջարկել, ոչ թե խնդրել եմ՝ մեզ հացով օգնեն․ Խոսրով Հարությունյան

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը կարծում է՝ Արցախի ժողովուրդը ճիշտ դիրքոշում ունի, որ պետք չէ թույլ տալ Ակնայով ադրբեջանական հումանիտար բեռներ մտնեն Արցախ։

«Ըստ էության՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացելը Ադրբեջանը դիտարկելու է որպես այլընտրանք Լաչինի միջանցքին, և այդ միջանցքի հարցը օրակարգից դուրս է գալու։ Ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքը չի կարող օրակարգից դուրս գալ։ Օրակարգից չի կարող դուրս գալ նաև այն հարցը, որ կոնֆլիկտը կարգավորված է։ Կոնֆլիկտը կարգավորչված չէ։ Միջազգային իրավունքով՝ ռազմական բիրտ ուժի կիրառման արդյունքում կոնֆլիկտ չի կարող կարգավորվել»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը։

 

Մեր դիտարկմանը, թե Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ եթե Ակնայով ճանապարհը բացվի, իրենք խոստանում են, որ 24-ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը՝ Հայաստանի նախկին վարչապետն ասաց․ «Դրանք հեքիաթներ են։ Եթե համաձայն են, թող բացեն Լաչինի միջանցքը, տասն օրից հետո կքննարկենք Ակնայի հարցը։ Բոլորն են շատ լավ հասկանում, որ դրանք հեքիաթներ են, Գյուլնազ տատի հեքիաթներ։ Նրանք Լաչինի միջանցքը չեն բացելու։ Ավելին, հիմա առանց թաքցնելու նույնիսկ խոսում են միակողմանի ելք ապահովելու մասին, չէ՞»։

 

Դիտարկմանը, թե լրագրող Թաթուլ Հակոբյանը գրառում էր արել, որտեղ հիշատակել էր նաև Խոսրով Հարությունյանի անունը, թե 1992թ աշնանը, երբ Հայաստանում օրվա հացի պաշար էր մնացել, Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը նամակ է գրել իր թուրք գործընկեր Դեմիրելին, որ թուրք-հայկական սահմանով հաց ուղարկվի Հայաստան: Հարցրինք Խոսրով Հարությունյանին՝ ճի՞շտ է դա, իսկապե՞ս ինքը նամակ է գրել Դեմիրելին այդ հարցով։

 

«Այո, ես դիմել եմ Դեմիրելին, բայց ոչ թե ես դիմել եմ խնդրանքով, որ, գիտե՞ք, մեր վիճակը ծանր է՝ օգնեք, այլ Դեմիրելին առաջարկել եմ գործարք՝ հետևյալ բովանդակությամբ․ Հայաստանը հացահատիկ ձեռքբերելու նպատակով ուներ Եվրամիությունից հատկացված 37 մլն էքյու վարկ։ Ես առաջարկել եմ՝ վարկի տնօրինումը զիջում ենք Թուրքիային, դրա դիմաց համապատասխան քանակությամբ հացահատիկ տրամադրելու նպատակով։ Եւ դա եղել է գործարք, ոչ թե հումանիտար աջակցություն կամ օգնություն։ Թաթուլ Հակոբյանը խեղում է իրականությունը։ Ես հիմա էլ տարիների հեռավորությունից կարծում եմ, որ այդ գործարքը շատ օգտակար էր երկուստեք, այդ թվում՝ նաև քաղաքական նկատառումներից ելնելով։ Բայց դա եղել է գործարք, ոչ թե ես դիմել եմ, թե մեր վիճակը ծանր է, խնդրում եմ՝ մի քիչ օգնեք։ Էդպիսի բան չի եղել։ Եւ դա եղել է նաև իրենց ձեռնտու, այլապես չէին համաձայնի»,-ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործարքի արդյունքում 100 հազար տոննա հացահատիկ են տվել, և առաջին հացահատիկի վագոնները հասել են Ախուրյան 1992 թվականի նոյեմբերի 3-ին։