ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը արագորեն վատանում է, հրամայական է քայլեր ձեռնարկել՝ ուղղված տեղի բնակչության կարիքներին: Այս մասին ասված է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ։
«Շառլ Միշելն առաջարկում է քայլ առ քայլ՝ փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։ Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքային մասը:
ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն առկա համաձայնագրերի և ՄԻԵԴ կարգադրության։ Նշվում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար կարող է լինել հրատապ և ամենօրյա կարիքների ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
Բաքվի և ԼՂ (խմբ. -նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի) ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։
Այս երկխոսությունը վստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու տեղում ներգրավվելու համար:
Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող բոլոր բնակչության։ Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաև այսօրվա էսկալացիայի ֆոնին»։