Հետևեք մեզ։

2021-ին ինձ ուղիղ խոսքով ասել են՝ մեր թիմից չես, գնա․ Երևանի քաղաքապետարանը փոխհատուցում կվճարի քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված պաշտոնյային

17:51, 01 սեպտեմբեր 2023
2021-ին ինձ ուղիղ խոսքով ասել են՝ մեր թիմից չես, գնա․ Երևանի քաղաքապետարանը փոխհատուցում կվճարի քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված պաշտոնյային

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Միքայել Սահակյանը դատարանում հաղթել է Երևանի քացաքապետարանին, որը 2021 թվականին իրեն աշխատանքից ապօրինի ազատելու որոշում էր կայացրել։ Վարչական դատական երեք ատյաններն էլ հօգուտ Միքայել Սահակյանի են վճիռ կայացրել՝ քաղաքապետարանի որոշումը ճանաչելով անվավեր և պարտավորեցնելով, որ քաղաքապետարանը փոխհատուցում վճարի Սահակյանին իր չաշխատած ժամանակահատվածի դիմաց։

 

Միքայել Սահակյանը, որը, Երևան քաղաքի 1-ին քառամյա զարգացման ծրագրի համահեղինակն է, քաղաքապետարան աշխատանքի է անցել 2009 թվականից։ 2009-11 թթ եղել է զարգացման ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ, 2011-16 թթ․ եղել է արարողակարգի բաժնի պետը, իսկ 2016 թվականից մինչև 2021 թվականը եղել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը։ Այսինքն՝ մեծ մասը աշխատել է Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ հրաժարական տվեց Տարոն Մարգարյանն ու Երևանի քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանը, քաղաքային նոր իշխան ությունները սկսեցին ուղիներ փնտրել, որ ազատվեն Միքայել Սահակյանից, որը նաև նախորդ իշխանությունների քաղաքական թիմից է, ՀՀԿ խորհրդի անդամ է։ Սահակյանի խոսքով՝ պատճառը իր քաղաքական հայացքներն էին, չնայած որ՝ իր աշխատանքից դժգոհություն չի եղել, ավելին՝ ասել են, որ իրենք տեղյակ են, որ ինքը լավ աշխատակից է։

 

«Ի սկզբանե ինձ հորդորել էին, որ ես դիմում գրեմ, դուրս գամ աշխատանքից, ես չեմ համաձայնել, վերջում հաստիքը ավագանու որոշմամբ կրճատվել է։ Հետո ես դիմել եմ դատարան՝ այդ որոշումը կասեցվել է, բայց արձակուրդի ժամանակ ինձ գրություն եկավ, որ ես արձակուրդից գալուն պես՝ ազատված եմ աշխատանքից։ Դա վիճարկել եմ դատարանում  և երկու տարի երկու ամիս անց, դատական երեք ատյաններն անցնելով՝ պարզվել է, որ քաղաքապետի այդ կարգադրությունն ապօրինի էր, իրենք իրավունք չունեին ինձ ազատելու աշխատանքից»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Միքայել Սահակյանը։

 

Նրա խոսքով՝ իրեն դիմում գրել-հեռանալու հորդոր հղել է Երևանի քաղաքապետի այն ժամանակվա աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, որը այդ շրջանում «Իմ քայլի» ցուցակով ընտրված քաղաքապետ, այժմ՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմակիցն է, այսօր էլ Մարությանի հետ մասնակցում է վերջինիս քարոզարշավին։

 

«Ինձ ուղիղ տեքստով ասել է, որ հաշվի առնելով Ձեր քաղաքական հայացքները ու այն, որ մեր թիմից չեք, մենք հորդորում ենք Ձեզ՝ դիմում գրել-ազատվել աշխատանքից։ Ես էլ ցիտել եմ օրենքը, իր կարգավիճակը և ասել եմ, որ նախ ինքը նման բան հորդորելու իրավունք չունի, երկրորդն էլ՝ օրենքը մեզ թույլ է տալիս»,-ասաց Միքայել Սահակյանը։

 

Այսօր արդեն դատարանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանը պետք է փոխհատուցում վճարի Միքայել Սահակյանին պարապուրդի ամբողջ ժամակահատվածի, ինչպես նաև վեց ամսվա  ընթացքում աշխատանքի չվերականգնելու համար՝ միջին աշխատավարձի չափով։