«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս ուսումնական տարին սկսվեց սկանդալով. դպրոցահասակների համար նախատեսված դասագրքերը Կրթության եւ այլ ոլորտների նախարարությունը չի հասցրել տպագրել: Երեկ հայաստանյան շատ դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը՝ ասելով, թե դասագրքեր չկան, «դասից կփախչեն»:
Տարբեր ահազանգերի հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է անցած տարվա նոյեմբերին անցկացներ մրցույթը, սակայն բավարար հայտեր չլինելու պատճառով մրցույթները հետաձգվել են։ Եւ նախարարությունը անհրաժեշտ բարեխղճությամբ չի գործել, դրա համար էլ կրթական տարին սկսվեց առանց դասագրքերի:
Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ գրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են նախարարության եւ ԿՏԱԿ-ի (Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կայքում։ Դպրոցներին հորդորել են գրքերը տպել եւ բաժանել երեխաներին, մինչեւ գրքերը տպագրված կլինեն:
Այս իրավիճակը, ըստ նախարարության, ամենաքիչը կտեւի 2 ամիս, գրքերն այդ ընթացքում տպագրվելու են եւ բաժանվելու դպրոցներին։ Շատ դպրոցներում աշակերտներին ասել են, որ կարող են «Զանգակ» կամ այլ գրախանութներից ավելի շուտ գնել դասագրքերը, մինչեւ դրանք դպրոց կհասնեն:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ծնողներն ասացին, որ որոշ դպրոցներում էլեկտրոնային գրքերը տրվել են ծնողներին եւ հրահանգել տպել, որ կարողանան երեխաները դպրոց գալ։ Սեպտեմբերի 1-ի նախօրեին դպրոցներում հրավիրվել են ծնողական ժողովներ, ծնողներին ասել են՝ եթե անհրաժեշտություն լինի, կբաժանվեն անցած տարիների դասագրքերը։
Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ կնքել է 9մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ դասագրքեր եւ այլ ուսումնական նյութեր մատակարարելու համար։ «ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԱՁ-ի հետ կնքել է 360 հազար դրամ կազմող պայմանագիր՝ դասագրքերի մատակարարման համար։ Դասագրքեր ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվել նաև «ՖԻԼԻՆ» ՝ 7 մլմ 700 հազար դրամ, եւ «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ՝ 1 մլն 729 հազար դրամ արժողությամբ։ Բրալյան տառատեսակով դասագրքերի ձեռք բերման պայմանագիրը կազմել է 12 մլն 844 հազար դրամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից։ Գրախանութներում կատարած շրջայցից հասկանում ենք, որ նախարարության ֆինանսական միջոցներով տպված գրքերը վաճառվում են գրախանութներում, սակայն դպրոցներում չկան: Ինչու, ինչպես՝ անհասկանալի է։
Նախարարությունից մեզ ասացին նաեւ. «Պատճառներից մեկն այն է, որ մենք դասագրքաստեղծ փորձ չունենք, մեր երկրում 10-15 տարուց ավել նման դասագրքեր չեն ստեղծվել, եւ նաեւ դա էր պատճառը, որ մեր փորձագիտական հանրույթի կողմից բավարար հայտեր չենք ստացել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։