Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից 2023թ–ի սեպտեմբերի 1–ին իրականացված ռազմական սադրանքի և դրա հետևանքով ՀՀ ԶՈւ–իկրած մարդկային կորուստների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը և Վաչագան Սարոյի Վարդանյանը։
«Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության հանցափորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով:
Ձևավորվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ՝ Ադրբեջանի հանցավոր արարքներին վերջնական և լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ։