Հետևեք մեզ։

Այսօր առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցները կարիք ունեն մեր ժողովրդի հավաքական ջանքերի միավորմանը հանուն խաղաղ ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի․ Վահագն Խաչատուրյան

17:06, 02 սեպտեմբեր 2023
Այսօր առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցները կարիք ունեն մեր ժողովրդի հավաքական ջանքերի միավորմանը հանուն խաղաղ ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել  Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։

Այս որոշումը միտված էր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի կյանքի կոչմանը ու նաև պարտադրված էր ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ ու հակահայկական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքով։

Այս իրադարձություններից 32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է ապրելու և անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հայության ապրելու և անվտանգության իրավունքների հասցեագրման և երաշխավորման մեխանիզմների ներդրմամբ։

Սիրելի ժողովուրդ,

Այսօր առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցները կարիք ունեն մեր ժողովրդի հավաքական ջանքերի միավորմանը հանուն խաղաղ ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի, հանուն Ղարաբաղի հայության իր սեփական տանն ապրելու և արարելու անքակտելի իրավունքների պաշտպանության։

Այս նպատակների իրականացման համար հարկ է նաև, որ մենք հաստատակամորեն արձանագրենք, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացով, միջազգային մեխանիզմի կիրառմամբ և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,- ասված է ուղերձում:

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։