Հետևեք մեզ։

ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային․ Նիկոլ Փաշինյան

23:53, 02 սեպտեմբեր 2023
ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային․ Նիկոլ Փաշինյան


La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանը Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

«Համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության, Ռուսաստանը պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել, և դեռևս Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից։ Ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը»,- հարցրել է լրագրողը։

Փաշինյանը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի գործունակության և պայմանագրունակության առումով լրագրողի նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: 

«Եվ դա չեմ կարծում, թե միայն Հայաստանի խնդիրն է, դա հենց ամբողջությամբ Հավաքական անվտանգության կազմակերպության խնդիրն է:


Ինչ վերաբերում է բացատրություններին՝ դրանք ամենատարբեր կարող են լինել, բայց ես չեմ կարծում գոնե մեր տեսակետից բացատրությունները կարևոր չեն, և այն, որ այդ առումով Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»,- ասել է Փաշինյանը։


Լրագրողի հարցին՝ ի՞նչը կարող է հանդիսանալ հստակ լուծում՝ պաշտպանելու Հայաստանի իրավունքներն ու այն միջազգային պայմանագրերը, որ ստորագրել է Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Անվտանգության երաշխիքներ կարող է տալ միայն խաղաղությունը: Այս է պատճառը, որ մենք կարևոր ենք համարում խաղաղության օրակարգի իրականացումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, նաև մեր տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորումը, ինչը հեշտ խնդիր չէ, այդ թվում՝ Ձեր հիշատակած գործոնների բերումով:

Բայց ես կրկին ուզում եմ խոսել տարածաշրջանում խաղաղության ճարտարապետության մեր պատկերացման մասին: Այդ պատկերացումն ունի երկու հիմնական կետ կամ երկու պլյուս մեկ: Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածության իրականացում: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Երրորդը՝ խաղաղության այնպիսի պայմանագրի ստորագրում, որն իր մեջ կունենա մեխանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն իսկապես երաշխավորել խաղաղությունը»,- նշել է նա։

La Repubblica թերթի լրագրողը նշել է, թե փաստն այն է, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությունը կճանաչի Ադրբեջանի սուվերենությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ։ 

«Ի՞նչ երաշխիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներին կվերաբերվեն որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացի, որովհետև Ադրբեջանի կողմից հայերի դեմ հայտարարությունները կարող են մտահոգություններ առաջացնել այս հարցում»,- հարցրել է լրագրողը։

Փաշինյանը նշել է՝ եթե երաշխիքներ ունենայինք, չէինք խոսի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին: 

«Այսինքն՝ եթե այդ հարցը բարձրանում է և եթե մենք այսօր խոսում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է՝ այդ երաշխիքները չկան: Հենց ամբողջ պրոցեսը և՛ այդ երաշխիքների բացակայությունն է, և՛ Ձեր նշած հարցի գոյությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառ է դարձել և արգելք է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:

Հենց այդ երաշխիքների բացակայությունն է պատճառը, որն ապացուցվում է այսօրվա իրավիճակով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և դա է հենց պատճառը, որ մենք ասում ենք՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչո՞ւ ենք այդպես ասում, հենց Ձեր նշածի պատճառով, երաշխիքների բացակայության պատճառով: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, պայմանավորվի այդ երկխոսության շրջանակներում, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային: Հենց դա է, եթե Ձեր նշած երաշխիքները լինեին, հակամարտություն չէր լինի: Հենց Ձեր նշած երաշխիքների բացակայությունն է, որ պատճառ է այսօրվա իրավիճակի, պատճառ է երեկվա իրավիճակի, պատճառ է 5 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 10 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 20 տարի առաջվա իրավիճակի»։