Հետևեք մեզ։

Երեկ հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր, այսօր պայթյունից 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ հերքում է նոր կորուստների մասին ադրբեջանական կողմի տարածած լուրերը

00:37, 03 սեպտեմբեր 2023
Երեկ հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր, այսօր պայթյունից 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ հերքում է նոր կորուստների մասին ադրբեջանական կողմի տարածած լուրերը

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

 

ՀՀ ՊՆ-ն ժամը 15:48-ին հրապարակել  է հաղորդագրություն, համաձայն որի հերքել է (և այժմ էլ հերքում է) ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի    զոհեր և վիրավորներ: Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր:

 

Իսկ ավելի ուշ՝ ժամը 23:53-ին, պաշտպանության նախարարությունը հայտնեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, սահմանագոտու մեկ այլ հատվածում ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 2 զինծառայողի մասին: 

 

Պաշտպանության նախարարությունը հորդորում է վերոհիշյալ  ժամանակագրությունը և դեպքերի հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել և չմոլորեցնել հանրությանը: