Հետևեք մեզ։

Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում մեկ անձին օրական կվաճառվի կես հաց

00:15, 04 սեպտեմբեր 2023
Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում մեկ անձին օրական կվաճառվի կես հաց

Ս․թ․ սեպտեմբերի 5-ից  Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

 

Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով  կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը: 

 

Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։

 

Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են ստորև։

 

Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե  տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։

 

Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)։