Հետևեք մեզ։

Դատախազությունն ուսումնասիրում է ՔՊ-ի քարոզարշավի համար մարդկանց հավաքագրելու մասին հրապարակումը

17:03, 04 սեպտեմբեր 2023
Դատախազությունն ուսումնասիրում է  ՔՊ-ի քարոզարշավի համար մարդկանց հավաքագրելու մասին հրապարակումը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, համաձայն որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 4000 դրամով հավաքագրում է մարդկանց, ովքեր 4 ժամ կմասնակցեն իշխող ուժի քարոզչությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ մասին հաղորդել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց»,- հայտնել են դիտորդական առաքելությունից։

 

Կուսակցություններն օգտվում են մարքեթինգային գործակալությունների ծառայություններից՝ գումարի դիմաց մարդկանց ներգրավվելով երթերի և քարոզչական թռուցիկների տարածման գործում։ Այս մասին հայտարարություն էր տարածել «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Ըստ հայտարարության՝ սոցիալական տարբեր ցանցերում քաղաքական երթերին մասնակցելու հայտարարություններ են տարածվում։

«Մասնավորապես, Promo host գովազդային տեխնոլոգիաների կազմակերպությունն իր ինստագրամյան չատում հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար։

Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը»։