Հետևեք մեզ։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ԱԱ-ին ընդառաջ անդրադարձել է հայ ըմբիշներին

20:30, 05 սեպտեմբեր 2023
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ԱԱ-ին ընդառաջ անդրադարձել է հայ ըմբիշներին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը անդրադարձել է մարզաձևի  հայկական դպրոցին և նվաճումների  հասած նախկին ու ներկա մի խումբ մարզիկներին: ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է ԸՄՖ-ի անդրադարձը՝ որոշ կրճատումներով.

«Տոկիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելուց կարճ ժամանակ անց խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Արթուր Ալեքսանյանը հեռանում է սպորտից:

Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում  Ալեքսանյանի վերադարձը մրցագորգ զարմացրեց շատերին: Մեկամյա   ընդմիջումից  հետո  նա կրկին նվաճեց լավագույնի կոչումը  97 կգ քաշային կարգում  և պարգևատրվեց ոսկե մեդալով:

«Սա աշխարհի առաջնության իմ չորրորդ ոսկին է։  Երկու տարի է՝  չեմ կարողանում  հաջողության հասնել  վնասվածքների պատճառով։ Օլիմպիական խաղերից հետո ես  դադար վերցրեցի և բուժեցի վնասվածքներս»,- Բելգրադում ասել է Ալեքսանյանը:

Առաջիկայում  31-ամյա մարզիկը կրկին կլինի Բելգրադում ՝  հույս ունենալով պաշտպանել  աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա պատրաստվում է նաև ուժեղագույնը ճանաչվել  Փարիզում հաջորդ տարի անցկացվելիք Օլիմպիական խաղերում:

Բայց Ալեքսանյանը միակը չէ, ով հույս ունի Բելգրադում բարձրացնել հայկական դրոշը։ Եվրոպայի չեմպիոններ, հունահռոմեական Մալխաս Ամոյանը / 77 կգ /, ազատ ոճայիններ  Արսեն Հարությունյանը / 57 կգ / և  Վազգեն Թևանյանը  / 65 կգ /  նույնպես առաջատարների շարքին են դասվում»: