Հետևեք մեզ։

Թմրանյութերը հասել են դպրոցներ, բակեր, իրավապահ համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել․ Մանե Թանդիլյան

21:56, 05 սեպտեմբեր 2023
Թմրանյութերը հասել են դպրոցներ, բակեր, իրավապահ համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել․ Մանե Թանդիլյան
 «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածում Մանե Թանդիլյանը գրում է․
 
«Երևանում, և ոչ միայն Երևանում, ահազանգում են տարածվող թմրամոլության դեպքերի մասին։Պատմությունները, որոնք մենք լսում ենք հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներից, ուղղակի սահմռկեցուցիչ են։ Մարդիկ անհանգիստ են, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանող՝ ԲՈՒՀ-եր։ Արդեն ակնհայտ է, որ Հայաստանում թմրամիջոցների օգտագործման ու տարածման դեմ պայքարը բավարար արդյունավետ չի իրականացվում: Թմրանյութերի որոշ տեսակներ հասանելի են անգամ դպրոցահասակ երեխաների համար: Ավելին, արդեն իսկ հաստատված է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները հենց դպրոցականներին են թիրախավորում: Թմրանյութերը հասել են դպրոցներ, բակեր։
Ի հեճուկս նրա, որ այս մասին պարբերաբար բարձրաձայնվում է և ծնողների կողմից, և մամուլի հրապարակումներում, իրավապահ համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել այս վտանգի դեմ կամ չի ուզում:
 
Եթե վերհիշենք նաև իշխանության ներկայացուցիչների հրապարակային ձևակերպումներն ու վերաբերմունքը թմրամիջոցների օգտագործմանը, ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունը մտադիր չէ պայքարել այդ կործանարար աղետի դեմ: Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության շրջանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը տարեցտարի աճում է: Վերջին տասը տարում Հայաստանում այն գրեթե եռապատկվել է:
 
Եվ սա՝ միայն գրանցված տվյալներով: Պետությունը պարտավոր է համակարգված պայքարել  թմրամիջոցների շրջանառության դեմ` խստագույն կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով հատկապես ուսումնական հաստատություններում: 
 
Հրապարակային որևէ խոսքում, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, թմրամիջոցների օգտագործումն անգամ անուղղակի խրախուսող խոսքը, ակնարկը պետք է արժանանան ամենախիստ պատժի: 
 
Ու սա միայն իրավապահների տիրույթում չէ, նրանք միայնակ ոչինչ չեն կարողանալու անել, եթե չլինեն պետական հստակ քաղաքականություն, քաղաքային և համայնքային ղեկավարության աչալուրջ, հասուն և գործուն մոտեցում, հանրային պահանջ։ Չենք կարող թողնել, որ այս աղետը մտնի մարդկանց տներ։
Սա ազգային անվտանգության հարց է, և իմ կողմից գործադրելու եմ առավելագույն ջանքեր՝ այս աղետը դեռահասներից հեռու պահելու հարցում»։