Հետևեք մեզ։

Երբ չես կարողանում որևէ մեկի կողմից լինել, կարող ես նեյտրալիտետ հռչակել. Սարգսյանը՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում ՀՀ դիրքորոշման բացակայության մասին

10:31, 06 սեպտեմբեր 2023
Երբ չես կարողանում որևէ մեկի կողմից լինել, կարող ես նեյտրալիտետ հռչակել. Սարգսյանը՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում ՀՀ դիրքորոշման բացակայության մասին

Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ուկրաինական կոնֆլիկտի հարցում ո՛չ ռուսներն են բավարարված Հայաստանի դիրքորոշումից, ո՛չ եվրոպացիները: Դա նրանից է, որ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

 

«Այնինչ, նման պարագայում, երբ չես կարողանում որևէ մեկի կողմից լինել, կարող ես տվյալ կոնֆլիկտում նեյտրալիտետ հռչակել: Շատ գեղեցիկ ձևակերպել, որ երկու՝ քեզ համար բարեկամ երկրներ պատերազմում են, և դու չես կարող կողմնակալ լինել, որովհետև երկու պետություններում էլ ունես զգալի հայ համայնք, ավելին, երկու կողմերի զինված ուժերում էլ էթնիկ հայեր կարող են լինել և փաստացի պատերազմել միմյանց դեմ: Նման պարագայում ինչպե՞ս կարող ես կոնֆլիկտում կողմնակալ լինել: Ավելին, մարդասիրական օգնություն ես ուղարկում Կիևում բնակվող հայ համայնքին և Դոնեցկում բնակվող հայ համայնքին՝ ամրապդնելով քո դիրքորոշումը: 

Այս պարագայում, ոչ մեկի մոտ որևէ ակնկալիք չես ձևավորում, քեզ էլ զերծ ես պահում արտաքին ուժերի հզոր ճնշումներից: Նեյտրալ պետություն լինելով քո նկատմամբ թշնամաբար տրամադրվող պետություն չես ունենում, ինչ որ հարցերում էլ հնարավորություն ես ունենում միջնորդ դառնալու՝ սեփական կշիռը միջազգային հարաբերություններում բարձրացնելով: 

Բայց նման բաները ռազմավարական մտածողություն են ենթադրում, որից չունեք»,- գրել է Սարգսյանը։