Հետևեք մեզ։

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է

12:14, 06 սեպտեմբեր 2023
Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է: Մինչ այդ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ամեն օր երեկոյան ժամերգության ավարտին ձիթայուղի օրհնության հատուկ կարգ է կատարվում: Մայր Աթոռի միաբանները Ավետարան են ընթերցում և աղոթքներ հնչեցնում: Բոլոր ցանկացողնեորը կարող են ներկա գտնվել թե ժամերգությանը, թե հաջորդող արարողությանը: Այս մասին հայտնում են Մայթ Աթոռի տեղեկատվական կենտրոնից․

 

«Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34):

Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, ով Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին: Այսօր աշխարհում կան նմանատիպ մի քանի գեղարդներ, բայց մենք աներկբա հավատում ենք, որ իսկական Ս. Գեղարդը մերն է, քանզի բազում բժշկումներ և հրաշքներ են կապված նվիրական այս սրբության հետ:

 

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։Ժամանակին Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնն օրհնել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստորոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ․ հունվարի 6-ին բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը Ջրօրհնեք կատարեց և հայոց Մյուռոնը հրաշագործեց։ Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։ Մատենագրական աղբյուրները վկայում են այս խաչի շնորհիվ կատարված հրաշքների մասին։ Այն երկար ժամանակ պահվել է Ձագավանքում։

 

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում: Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում: Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին: Ուշագրավ է, որ Մյուռոնօրհնության համար շքեղ կաթսա ունենալու գաղափարի հեղինակը հայ նշանավոր գրող Ռաֆայել Պատկանյանն է: Նա 1889 թ. հունվարի 17-ին նամակ է գրում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսին (1885-1891), որում հայցում է Վեհափառի օրհնությունը` համընդհանուր հանգանակություն կազմակերպելու կաթսայի համար»։