Հետևեք մեզ։

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելը մտահոգություն է առաջացնում, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը. Պեսկով

14:26, 06 սեպտեմբեր 2023
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելը մտահոգություն է առաջացնում, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը. Պեսկով

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում, Մոսկվան խորապես կվերլուծի այս իրավիճակը և կհետևի դրա զարգացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում, ուստի մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

 

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: