Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել խաղաղապահների մասնակցությամբ, նրանք այժմ ՀՀ-ում են. Արցախի ՄԻՊ

17:57, 07 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել խաղաղապահների մասնակցությամբ, նրանք այժմ ՀՀ-ում են. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 


«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը  17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։

 

Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ 

 

Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։

 

Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ 

 

Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից»,-գրել է նա։