Հետևեք մեզ։

Անպատասխանատվության 180 աստիճանը. Վահան Քերոբյանը երեք ամիս առաջ Wildberries֊ի մասին ուղիղ հակառակն էր ասել, կառավարության առաքելությունն էլ համարել ավարտված

19:10, 07 սեպտեմբեր 2023
Անպատասխանատվության 180 աստիճանը. Վահան Քերոբյանը երեք ամիս առաջ Wildberries֊ի  մասին ուղիղ հակառակն էր ասել, կառավարության առաքելությունն էլ համարել ավարտված

Հայաստանը տնտեսական քաղաքականություն չունի․ մի օր այդ քաղաքականությունն ինքնամշակվում է ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ, մի օր`օրվա համար մշակած տնտեսական քաղաքականությամբ, մի օր էլ` Վահան Քերոբյանի իրար հակասող հայտարարություններով։

 

Բոլորովին վերջերս՝ գարնանը` մայիսի 24-ին, Ազգային ժողովում տնտեսվարողների բողոքների վերաբերյալ հարց հնչեց Ազգային ժողովում, մտահոգություններ փոխանցվեցին կառավարությանը, որ Wildberries-ը վնասում է հայ տնտեսվարողներին, սնանկանում են և այլն։

 

Վահան Քերոբյանը շատ վճռական ու խրոխտ հայտարարեց՝ համաձայն չէ, որ որ Wildberries-ը «սնանկացնում է» Հայաստանի մյուս ընկերություններին։

 

«Մենք աշխատում ենք ազատ շուկայական մրցակցության պայմաններում և կառավարության կողմից լրացուցիչ միջամտության կարիք չկա։ Այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ արդյունավետ եղանակով, ապա իրենց տեղը պետք է զիջեն ավելի նոր տեխնոլոգիաներով և բարձր արտադրողականությամբ աշխատողներին»,- ասել էր Քերոբյանը։

 

 

Նույն օրը նաև ասել էր․ «Մենք Wildberries-ի և դրա նման այլ ընկերությունների համար ստեղծել ենք ՀՀ-ում հարկեր վճարելու պարտավորություն և այս առումով մեր առաքելությունն ավարտված է», և նաև հավելել էր, որ նշված ընկերությունը 20 խոշոր հարկատուների ցանկում է։

 

 

Այսինքն, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, նախ ասում է, որ կառավարությունն իր առաքելություն ավարտել է, այսինքն, կատարվել է աշխատանք, մեկ էլ այսօր պարզվում է, որ ոչ՝ կառավարությունն իր առաքելությունը չի ավարտել, ավելին սխալ է արել։

 

Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Wildberries-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով։

 

Բա դու՞ք ինչ ավարտված առաքելություն էիք մատնանշում ԱԺ ամբիոնից ու խաբում` ընկերությանն ու տնտեսվարողներին։

 

Այսօր Քերոբյանն ասել է, որ ուսումնասիրություն են անում, պարզապես չի ասել, որ նախկինում չուսումնասիրած առաքելությունն ավարտել էին Wildberries-ի հարցով.

 

 

«Այսինքն, երբ Հայաստանի սպառողը ապրանք է գնում Wildberries-ից, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: Այսինքն, Wildberries-ը պարտավոր է վճարել ԱԱՀ՝ այդ ապրանքի համար: Փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը դա չեն վճարում, քանի որ գործում են շրջհարկի սահմանաչափով: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ասել, որ Wildberries-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում վատ իմաստով, քան շրջհարկով աշխատող տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,- այսօր ասաց Քերոբյանը:

 

Այսինքն, ստացվում է, որ պետությունը առանց ուսումնասիրության, կիսատ-պռատ քաղաքականություն է վարել, խոսում է արտասահմանյան ներդրումները խրախուսելու մասին, նախագահի մակարդակով ընդունում է Wildberries-ի ղեկավար կազմին, հետո հասկանում, որ ՀՀ տնտեսվարողը տուժում է,ու որոշում է, որ պետք է հայաստանցի սպառողը թանկ ապրանք առնի,ոչ թե, օրինակ, մշակի այլ բան, որ ապրանքը Հայաստանում էժանանա, որ հանգստի գնացողն իր հետ Վրաստանից շոր քարշ տալով չգա Հայաստան,Եվրոպա գնացողը` Եվրոպայից շորեր չառնի, իսկ ՀՀ֊ում մնացողը մակարոնեղենից մինչև ձեթ չօատվիրի Wildberries֊ից։

 

Այս պայմաններում սպառողի շահերից խոսելն ամիմաստ է, հատկապես, որ այդ մասին այսօր իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը, որը երեք ամսից լրիվ այլ բան է ասելու, որովհետև եղանակը փոխվելու է։