Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

11:01, 08 սեպտեմբեր 2023
Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Սեպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։

 

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին և միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը։ Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։ 

 

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի։