Հայ-ռուսական մեդիաֆորումին տեսաուղերձով իր մասնակցությունն է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին»,- ասել է նա և նշել, թե ՌԴ-ն անկեղծորեն շահագրգռված է ՀԱՊԿ-ում իր դաշնակցի ճակատագրով։
«Ո՛չ ձեզ, ո՛չ մեզ չի կարող բավարարել այն, որ ՀՀ լրատվական դաշտի գերակշռող մասում կա միտում տարածել միակողմանի, բացասական, հաճախ իրականությանը չհամապատասխանող լուրեր Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Եկեք բաց խոսենք առկա խնդիրների մասին։
Անթույլատրելի է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին երկու ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն սերմանելու փորձերը:
Օդիոզ նախադեպ է Կոնստանտին Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի և այլոց ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ Կրիվոպուսկովին Հայաստան մուտք գործելն արգելելը:
Եվ այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին, «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալությունն էր։ Սա էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական ոլորտում»,- ասել է Զախարովան։