Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող աշխարհի 88-րդ առաջնությունում։
Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Չեն Լիժուն՝ երկամարտի 333 կգ արդյունքով, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Ինդոնեզիայի ներկայացուցիչ Իրավան Յուլին՝ 321 կգ արդյունքով:
Այս տարվա ապրիլին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը չեմպիոն էր հռչակվել՝ երկամարտի 320 կգ արդյունքով։
Սաուդյան Արաբիայում ընթացող աշխարհի 2023 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ էին դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են եկել 55 կգ քաշային կարգում:
2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Ալեքսանդրա Գրիգորյանը, որը նորամուտն էր նշում մեծահասակների աշխարհի առաջնությունում, երկամարտի 190 կգ (83+107 կգ) արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց թիմի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը՝
Սեպտեմբերի 11՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ, մեկնարկը՝ 17:30), Անդրանիկ Կարապետյան (89 կգ, մեկնարկը՝ 20:00),
Սեպտեմբերի 13՝ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ, ժամը՝ 17:30),
Սեպտեմբերի 14՝ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան (102 կգ, ժամը՝ 20:00),
Սեպտեմբերի 15՝ Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ, ժամը՝ 12:30), Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան (87 կգ, ժամը՝ 20:00),
Սեպտեմբերի 17՝ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (+109 կգ, ժամը՝ 17:30):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: