Հետևեք մեզ։

Մակրոնի հետ զրույցում Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ

11:39, 09 սեպտեմբեր 2023
Մակրոնի հետ զրույցում Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերվող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

Նախագահ Մակրոնն ընգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

Վերլուծական