Մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները։ Օրակարգում ներառված հարցերից մեկը կառավարության ներկայացրած «բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը» վավերացնելու մասին հարցն է։ Նախագծի զեկուցողը արդարադատւթյան նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էր, որը հիշեցրեց, որ այս արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականին և ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ին, այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրված է ԵԽ բոլոր 46 անդամ պետությունների կողմից, սակայն ուժի մեջ է մտել 44 պետությունում։
«Հայաստանը ստորագրել է արձանագրությունը դեռևս 2006 թվականին, սակայն մինչ օրս այն չի վավերացրել, մինչդեռ այս արձանագրությունն այն եզակի միջազգային փաստաթղթերից է, որի առնչությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպման ընթացքում ամեն տարի մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակներում գրավոր հարցում է իրականացնում ԵԽ անդամ չվավերացրած երկրներին՝ պարզաբանելու այդ վավերացումը ձգձգելու պատճառները»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ արձանագրությունն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, և ոչ ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների վերաբվերյալ որևէ վերապահում թույլատրելի չէ։ «Հետևապես, Հայաստանի կողմից արձանագրության վավերացումը ՀՀ համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, մինչդեռ միջազգային մակարդակով այս քայլը կգնահատվի որպես երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևորագույն դրական առաջընթաց և կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ-պետություն»-ասաց նախագիծը զեկուցող փոխնախարարը։