Այսօր հատուկ տարածք են տեղափոխել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ՊՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար։
Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանն ու պարեկ Վ․ Սարգսյանը Գայի պողոտայում նկատում են, որ նշված Range Rover-ի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։
Պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվում պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։
Ի վերջո, նա չի կարողանում ճողոպրել պարեկներից և Բագրևանդի փողոցում «Մատրյոշկա» ակումբի մոտ կանգնեցնում են նրան, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ տարածք։
Ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդն էլ 47-ամյա Դավիթ Կ․-ն է։