«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը գրում է․
«Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ և փաստացի քարոզչություն իրականացրեց իշխանական թեկնածուի օգտին։
Մի քանի կարևոր հարցի անդրադառնանք.
1. Միանշանակ դժվար է ասել, թե այդ քարոզչությունը հօգուտ կաշխատի։ Հաշվի առնելով գործող իշխանության և նրա ղեկավարի հեղինակությունը Երևանում, կարծես թե պատկերը ճիշտ հակառակն է ստացվում։
2. Իշխանական թեկնածուի՝ դեռևս նախորդ տարի մեկնարկած քարոզարշավի ողջ ընթացքում վերջինս առավելագույնը խուսափել է Նիկոլ Փաշինյանի անունը հոլովելուց՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբր ինքը «միիիի քիչ էդքան էլ ՔՊ չի», «միիիի քիչ ուրիշ է»։ Փաստորեն չստացվեց, Փաշինյանը հստակ ցույց տվեց, թե ով ինչ քաղաքական ծագում ունի, ու «անկախ ՔՊ-ական» չի լինում ու չի էլ կարող լինել։
3. Փաշինյանը փաստացի բացահայտ հայտարարեց, որ սա իր ընտրություններն են Երևանում, այն, ինչ բազմիցս ասել ենք ու փորձել հասկացնել բոլորին, ով լսելու ու ընկալելու ունակություն է ունեցել։ Գոյություն չունի «Ավինյանի» ընտրություն, չի եղել և չի էլ լինելու։ Այս ընտրությունները ՔՊ-ի առաջնորդ ու միանձնյա ղեկավարի վստահության քվեն են Երևանում։
4. Մեկ տարուց ավել փորձ էր արվում իշխանության թեկնածուից կերտել կերպար, որը այդպես էլ չստացվեց։ Շատ լավ գիտակցելով սա, անցան վարչական ղեկավարների միջոցով ծածուկ քարոզչությանը, այն է՝ «ժողովուրդ ջան, ինչ կապ ունի Ավինյան ու Նիկոլ, եթե ուզում եք մենք մնանք աշխատենք, մեզ ընտրեք»։ Սա էլ կարծես չաշխատեց, ու հիմա իրավիճակը վերջին պահին փորձում է փրկել ՔՊ առաջնորդը։ Համոզված եմ, սա ոչ մի այն չի աշխատելու, այլև ճիշտ հակառակ արդյունքն է տալու։ Հիմա 2018 թվականը չէ, իսկ Երևանը 2018-ի Երևանը չէ։ Իրենք էլ շատ շուտվանից «յեղափոխութիւնից» հետ կանգնած մարդիկ են, ինչքան էլ հակառակը պնդեն։
5. Փաշինյանը հերթական անգամ չարաշահեց վարչական լծակները և միանձնյա որոշեց, որ հանրային հեռուստաընկերության եթերում քարոզարշավ անել որպես կուսակցության ղեկավար՝ առանց նույն հնարավորությունն ապահովելու մնացած այլ ուժերի ղեկավարների համար։ Վարչական ռեսուրսի կիրառումը «բա պոզով-պոչո՞վ է լինում»։ Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ ելույթ-քարոզի առյուծի բաժինը այլ թեկնածուի մասին էր։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գաղափարական, արժեքային ու ծրագրային իմաստով այս ուժը որևէ ասելիք չունի, չի ունեցել ու դժվար էլ ունենա երբևէ։ Ավելին, իրենց պաշտոնական կարգախոսը ամենևին էլ պատահական չէ. մարդիկ իրոք չգիտեն ինչ անել, անպայման պիտի ասվի... ու ոչ թե ժողովրդի, այլ իրենց գերագույն-գլխավորի։ Ոնց ասի՝ ըտենց էլ կանեք, վերջում մի հատ էլ «ծափ կտաք, արա՛»։
Իսկ մեզ մնում է սեպտեմբերի 17-ին առանց որևէ արդարացման գնալ ընտրությունների և ուղղակի ձերբազատվել այն վտանգից, որի մեջ հայտնվելու ենք գալիք 5 տարիներին։ 5 տարի հանգիստ շնչելու համար արժի ընդամենը 10 րոպե խլել սեփական ժամանակից հիմա»։