Հետևեք մեզ։

Տեղում ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել, կարևոր է գտնել փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ. Միշելը՝ ԼՂ-ի մասին

11:28, 13 սեպտեմբեր 2023
Տեղում ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել, կարևոր է գտնել փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ. Միշելը՝ ԼՂ-ի մասին

ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը անդրադարձել է Ակնա-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական մեքենայի Ստեփանակերտ հսսնելուն, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտությանը։

«2023թ․ սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ՝ Շառլ Միշելը շարունակել է ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը, ԼՂ հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։

Մասնավորապես, նախագահ Միշելը սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

 

Այս համատեքստում մենք նշում ենք ռուսական մարդասիրական բեռի անցումը Ակնա-Ասկերան (խմբ.) երթուղով։ Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված ողջ զգայունությունը։ Մեր ակնկալիքն է, որ դա խթանի տեղի բնակչությանը մարդասիրական  մատակարարումների վերսկսումը:

 

Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Ակնա-Ասկերան (խմբ.) երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն։

Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել։ Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:

Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի հրամանի։

ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված նաև Բաքվի և ԼՂ հայերի երկխոսության գործընթացի հետ»։

Վերլուծական