Հետևեք մեզ։

Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր ենթատեսակ

16:23, 13 սեպտեմբեր 2023
Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր ենթատեսակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: 


Հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris)   տարբերակները։ 


Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` XBB 2.3, XBB 2.3.2 (ակրուքս) ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի  71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով:


Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են`   կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):


Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող  նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար: 


Հայաստանում ՍՇՎ և կորոնավիրուսային հիվանդության  դեպքերը կանխարգելելու և վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`


✔ պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ,


✔ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության  բարձրացում (մինչև 38-40◦ C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն,   դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման և ժամանակին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:


Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում COVID-19-ի վաղ հայտնաբերման նպատակով այժմ ՍՇՎ-ով պացիենտների շրջանում իրականացվում են կասկածելի դեպքերի թեստավորում: