Հետևեք մեզ։

Եթե միջազգային հանրությանը չհաջողվի միջնորդել ընդունելի գործարք, մտածե՞լ եք արդյոք, օրինակ, Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին․ POLITICO Europe-ի հարցը՝ Փաշինյանին

00:25, 14 սեպտեմբեր 2023
Եթե միջազգային հանրությանը չհաջողվի միջնորդել ընդունելի գործարք, մտածե՞լ եք արդյոք, օրինակ, Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին․ POLITICO Europe-ի հարցը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին, որը ներկայացնում ենք հատվածաբար․

 

-Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ առկա են տարբեր մեկնաբանություններ։ Դրա համար կուզենայի պարզաբանող հարց տալ։ Ձեր կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս պայմանավորվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, Դուք այն ճանաչում եք նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրու՞մը, թե՞ դա պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

 

-Մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես ասացի, փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ և 86 600 քառակուսի կմ: Եվ երբ ես այդ պայմանավորվածությունից հետո Երևանում մամուլի ասուլիս եմ տվել, և լրագրողը հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ես պատասխանել եմ, որ այո, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում:

 

-Դուք հիմա իրապես հավատու՞մ եք, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, երբ միջազգային ճնշումների եք ենթարկվում՝ համաձայնվել մի գործարքի, որը կարող է տանել Ղարաբաղից հայերի դուրսբերմանը։

 

-Ես գիտեմ, որ այդ կարգի խոսակցություններ տարածվում են: Իհարկե, չգիտեմ կամ կռահում եմ, թե ում կողմից, բայց խոսել Լեռնային Ղարաբաղից ելքի մասին, դա նշանակում է հենց իմ ասածը՝ համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Պատկերացրեցի՞ք, երբ մենք խոսում ենք էթնիկ զտման մասին, էթնիկ զտման գործիքը պարտադիր չէ, որ մարդկանց, բոլորին ֆիզիկապես ոչնչացնի: Ցանկացած ցեղասպանություն ունի երկու մաս. մի մասը կոտորածն է, մյուս մասը՝ բռնագաղթը: Նախ ասեմ, որ ընդհանրապես նման թեմա օրակարգում չկա: Ավելին՝ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ մարդիկ, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում առանց վախի և հետապնդումների ապրելու հնարավորություն ունենան՝ արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով:

-Վատագույն սցենարի պարագայում, եթե միջազգային հանրությանը չհաջողվի միջնորդել Ձեզ համար ընդունելի գործարք, մտածե՞լ եք արդյոք, օրինակ, Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին։ Նման արտակարգ իրավիճակների պլան Ձեր կառավարությունն ունի՞, եթե մեկ այլ կոնֆլիկտ բռնկվի։

 

-Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա: Եվ կարծում եմ՝ միջազգային այն ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը պետք է բավարար մեխանիզմներ դառնան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Ընդհանրապես, այդ թեմայի քննարկումը ես անօգուտ և վտանգավոր եմ համարում, որովհետև նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են բերել օրակարգեր դնել սեղանին, որը նշանակում է հետևյալը՝ եկեք միջազգայնորեն լեգիտիմացնենք Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների և ցեղասպանության օրակարգը, ով կհասցնի մազապուրծ լինել Լեռնային Ղարաբաղից՝ շատ լավ, ով էլ չէ՝ թող կոտորածի ենթարկվի: Այսինքն՝ մտքերի նման ընթացքը, իմ գնահատմամբ, անուղղակիորեն քաջալերում է Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու օրակարգ: