Հետևեք մեզ։

Այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը․ Փաշինյանը՝ POLITICO Europe պարբերականին

00:37, 14 սեպտեմբեր 2023
Այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը․ Փաշինյանը՝ POLITICO Europe պարբերականին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին, որը ներկայացնում ենք հատվածաբար․

 

-2020թ.-ի պատերազմից հետո Ռուսաստանն ուժային փորձ կատարեց գալ և դառնալ անվտանգության երաշխավոր։ Կա ռուս-թուրքական մոնտիտորինգի կենտրոն, չգիտեմ ինչ վիճակում է այն հիմա։ Այսօր խոսում էի Ստեփանակերտից մի երիտասարդ կնոջ հետ, ով ասաց, որ իր եղբայրը ծառայում է Պաշտպանության բանակում, ով ասում է, որ իրենք խրամատներում են, դեմ առ դեմ ադրբեջանական զորքերին։ Նա հարցրել է՝ իսկ ո՞ւր են ռուս խաղաղապահները, ինքն ասել է մեր ետևում։ Դուք ձեզ Ռուսաստանի կողմից դավաճանված զգու՞մ եք։ Ըստ Ձեզ Ռուսաստանը բավարար ջանքեր չի՞ գործադրել ապահովելու համար 2020թ.-ի պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքի բաց լինելը, պահպանել այն շփման գիծը, որ առկա էր։ Ըստ Ձեզ, Ռուսաստանը ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր։

 

 - Գիտեք, ակնհայտ է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ։ Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Եվ գյուղատնտեսական աշխատանքի խոչընդոտներ կան, ի վերջո Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։

Այս ամենը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են:

 

- Ինչո՞ւ եք կարծում, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ձախողվել է։ Անգործունակությու՞նն է պատճառը, Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսափելու համար Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց։ Ռուսաստանը որոշե՞լ է այդպես վարվել, թե՞ ուղղակի ձախողվել է։

 

- Գիտեք, կարծում եմ, երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից կարծում եմ նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք: Թե առաջին, և թե երկրորդ գործոնը, իմ գնահատմամբ, առկա է: