Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժը ՀՀ-ի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով։ Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած 22 բեռնատարով հումանիտար բեռը Կոռնիձորում սպասում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել։ Բեռների մյուս՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացիցիչները:
«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասաց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ն ստացել է ադրբեջանական կողմի մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, ողջամիտ ժամկետում ՀՀ-ն կներկայացնի մեր մեկնաբանությունները։
«Խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ Այսօր հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցները»,- նշեց Փաշինյանը։