Հետևեք մեզ։

ԵՄ դիտորդները հայտնել են Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխելու մասին, հետո ջնջել են գրառումը և նոր գրառում արել

13:13, 14 սեպտեմբեր 2023
ԵՄ դիտորդները հայտնել են Երասխի մետալուրգիական գործարանը տեղափոխելու մասին, հետո ջնջել են գրառումը և նոր գրառում արել

ԵՄ դիտորդները հայտնել են Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման մասին, սակայն ժամեր անց ջնջել են գրառումը և նոր գրառում արել։

Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, տեղափոխվում է այլ վայր։ «ԵՄ դիտորդական առաքելությունը իր ներկայությամբ նպաստում է սարքավորումների անվտանգ տեղափոխում այլ վայր»,-գրված էր առաքելության X-ի էջում:

Սա ԵՄ դիտորդների երեկոյան գրառումն էր, իսկ ժամեր առաջ նախորդ գրառումը ջնջել են և գրել հետևյալը․ «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»:

 

Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսի 20-ին Բաքուն պաշտոնապես դիմել էր Երևանին՝ Երասխի գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։

Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը իր հայաստանցի պաշտոնակցին հատուկ նամակ է հղել և դրանում պնդել՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ կառուցվող գործարանի շինարարությունը պետք է անհապաղ դադարեցնել, ապա քննարկել Բաքվին մտահոգող հարցերը։

 

Ի պատասխան Բաքվի, Երևանից հայտնել էին հետևյալը. «Հայաստանը պարտավոր չէ ծանուցել Ադրբեջանին Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի մասին։ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ», - ասված է Շրջակա միջավայրի նախարարության գրությունում։

Սակայն, Բաքվի պահանջը կատարվել է. Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր։