Ուրախ եմ հայտարարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023/2024 թթ. համերգաշրջանը, որն այսօր կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգով։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։
«Մեզ սպասվում են հիանալի ելույթներ բացառիկ երիտասարդ երաժիշտների հետ, որոնք փառատոնի հյուրը կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Այսպիսով, սկսած այսօրվանից՝ ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր համերգներին՝ միասին վայելելու հանրահայտ արտիստների վիրտուոզ կատարումներն ու դասական երաժշտության հրաշալի մթնոլորտը:
Կհանդիպենք կարճ ժամանակ անց»,- ասվում է Սմբատյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մասնակի բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Սերգեյ Սմբատյանի կալանքը դադարեցվել է՝ գրավի դիմաց։