Հետևեք մեզ։

Մեր ուղերձն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ․ սենատոր Մենենդես

20:01, 14 սեպտեմբեր 2023
Մեր ուղերձն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ․ սենատոր Մենենդես

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մանրամասն ներկայացրել է հումանիտար իրավիճակը պաշարված Լեռնային Ղարաբաղում:

«Ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակում է Հայաստանի համար Լաչինի միջանցքի հասանելիությունը՝ թույլ չտալով մարդասիրական աջակցության մուտքը հայկական այս համայնքին, որը սովի է մատնված»,- նշել է սենատորը, փոխանցում է «Լուրեր»-ը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ Աղդամի ճանապարհով ռուսական մեկ բեռնատարով հասցված մարդասիրական օգնությանը՝ Մենենդեսը հիշեցրել է, որ նախկինում օրական 120 բեռնատար է մուտք գործել ԼՂ: Նա Ադրբեջանի գործողությունները որակել է «էթնիկ զտում», նշել՝ Ալիևի նպատակը ղարաբաղցիների հնազանդեցումն է կամ նրանց սովամահ անելը: Սենատի հանձնաժողովի նախագահը մեջբերել է ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի այն միտքը, որ սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենքն է:

Մենենդեսը զգուշացրել է նաև, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում: Նրա խոսքով՝ ժամանակը սուղ է. գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ կա:

«Բարձր մակարդակով մեր ուղերձը պետք է միանշանակ լինի. այն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները»,- ասել է սենատորը:

Նա տվյալ իրավիճակում Ռուսաստանին անվանել է «անհուսալի և անկարող գործընկեր, խաղաղության և անվտանգության համար խոչընդոտ»:

Մենենդեսը հավաստիացրել է, որ իր բոլոր լծակներով ջանքեր կգործադրի՝ ստիպելու ԱՄՆ պետքարտուղարությանը գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի հաղթահարման համար:

Վերլուծական