Հետևեք մեզ։

Քաղաքապետի թեկնածուները հայտնեցին, թե որ ուժի հետ կկազմեն կոալիցիա կամ որ ուժի հետ են բացառում կոալիցիան

23:39, 14 սեպտեմբեր 2023
Քաղաքապետի թեկնածուները հայտնեցին, թե որ ուժի հետ կկազմեն կոալիցիա կամ որ ուժի հետ են բացառում կոալիցիան

Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքապետի թեկնածուների բանավեճն է, որին մասնակցում է 12 թեկնածու․ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը չեն մասնակցում բանավեճին, Մարությանը հայտնել էր, որ կմասնակցի, եթե բանավեճը չվարի Պետրոս Ղազարյանը։ Մոդերատորների հարցին, թե ո՞ւմ հետ կկազմեն դաշինք կամ ո՞ր ուժի հետ են բացառում դաշինքը, թեկնածուներն ասացին հետևյալը․

«Ընտրություններից առաջ անշնորհակալ գործ է խոսել կոալիցիայից»,-ասաց ՔՊ-ական Տիգրան Ավինյանը՝ անշնորհակալ հարց համարելով բանավեճի առաջին հարցը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության թեկնածուն ասաց, որ իրենք բոլորին համարում են մրցակից և գնում են հաղթելու։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենց ծրագիրը հանուն եվրաինտեգրման և Արցախի փրկության համար է, և իրենք բացառում են «ռուսկացությունների» հետ համագործակցությունը, և կհամագործակցեն միայն իրենց գաղափարը կիսողների հետ։

«Հանրային ձայնի» ներկայացուցիչ Վահան Ավագյանն ասաց, որ ամիսներ առաջ կոչ են արել միավորվել ընդդեմ ՔՊ-ի, սակայն չեն արձագանքել, և նշեց, որ առաջին հերթին ՔՊ-ի հետ չեն համագործակցի։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց, որ ավագանիում առնվազն երեք քաղաքական ուժ պետք է  լինի, իսկ թե ում հետ իրենց ուժը դաշինք չի կազմի, Զեյնալյանն ասաց, որ այդ ուժերը Հայաստանը Ռուսաստանի Դաշնության «գուբերնիայի» կարգավիճակին տանողներն են։

«Հաղթանակ» կուսակցության թեկնածու Վիկտոր Մնացականյանն ասաց․ «Կարճ՝ բացի ՔՊ-ից»։

«Ուժը Հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն ասաց, որ հույս ունի, որ նախընտական փոշին ընտրողին չի փոխի, որից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ում հետ կազմել դաշինք։

«Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվեդյանն ասաց, որ իրենց  կուսակությունը ստեղծման օրվանից, բոլոր ուժերի հետ պատրաստ է համագործակցել, կոալիցիան՝ ընտրություններից հետո։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանն ասաց, որ բանավեճի դահլիճում ինքը թշնամիներ չունի և չեն համագործակցի այն ուժերի հետ, որոնք իրենց ծրագրային դրույթները չեն կիսում։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանն ասաց, որ ընդդեմ ՔՊ-ի իրենց առաջարկին չեն արձագանքել, բոլորն էլ, ըստ էության, իշխանական են։ 

«Արդար Հայաստան» կուսակցության թեկնածու Նորիկ Նորիկյանն ասաց, որ բացառում են իշխանության հետ համագործակցությունը։

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց ուժը հայտարարել է և գործով ապացուցել, որ որևէ աղերս չունեն ՔՊ-ի հետ, միևնույն ժամանակ արել են  այնպիսի առաջարկ, որ երևանցին կասկած չունենա որակի մեջ։