Հետևեք մեզ։

Հայ-ամերիկյան զորավարժությունը մեր երկարամյա   փոխգործակցության վկայությունն է. ամերիկացի բարձրաստիճան գեներալները ժամանել են Երևան

10:27, 15 սեպտեմբեր 2023
Հայ-ամերիկյան զորավարժությունը մեր երկարամյա   փոխգործակցության վկայությունն է. ամերիկացի բարձրաստիճան գեներալները ժամանել են Երևան
«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում  ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ  բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։
 
Գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկեցին «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։
 
«Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում ս․թ․ սեպտեմբերի 11-ից 20-ը։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։
 
««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա   փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության  ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով», - նշեց դեսպան Քվինը։
 
«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասաց գեներալ-մայոր Անդերսոնը։
 
Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի  պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։