Հետևեք մեզ։

Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում առկա դժգոհություններին․ Արցախի նախագահ

17:31, 15 սեպտեմբեր 2023
Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում առկա դժգոհություններին․ Արցախի նախագահ
 
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
 
Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր և դրա հաղթահարման մեխանիզմները։
 
Արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման հետ կապված և այլ հրատապ խնդիրներ:
 
Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի հանրապետությունում առկա պարենային ռեսուրսների կետրոնացման, բնակչությանը կենսական նշանակության ապրանքների տրամադրման գործընթացը կտրոնային համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ: «Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում առկա դժգոհություններին, օգտագործեք բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու, գները կարգավորելու և առկա սուղ միջոցներն արդար բաշխելու համար», - ընդգծել է երկրի ղեկավարը:
 
Խորհրդակցության ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:
 
Նախագահը խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին: