Հետևեք մեզ։

Հայաստանի հետ նոր պատերազմի վտանգ կա՞․ ՏԱՍՍ-ի հարցը՝ Հիքմեթ Հաջիևին

10:16, 16 սեպտեմբեր 2023
Հայաստանի հետ նոր պատերազմի վտանգ կա՞․ ՏԱՍՍ-ի հարցը՝ Հիքմեթ Հաջիևին

 

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի հետ նոր պատերազմի ռիսկերը, խոսել մինչև տարեվերջ երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։
Հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար՝ որոշակի խմբագրումներով։

-Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն լարված իրավիճակը, որ այժմ տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նոր պատերազմի վտանգ կա՞։

-Ինչպես գիտեք, Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ՝ հիմնված Ադրբեջանի առաջարկած և Հայաստանի կողմից ընդունված հինգ հիմնարար սկզբունքների վրա։ Երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորությունը այս սկզբունքների հիմնաքարն է։ Ցավոք, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության մի շարք գործողություններ, որոնց թվում հատկապես սեպտեմբերի 2-ի Հայաստանի վարչապետի շնորհավորանքը Ղարաբաղի «անկախության օրվա» կապակցությամբ, լուրջ վնաս են հասցրել խաղաղ գործընթացին։ 
Չնայած Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, փաստորեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորել Ղարաբաղը (խմբ․), ներառյալ զինված կազմավորումները, որոնք հիմնականում բաղկացած են հայկական զինված ուժերից։ Ղարաբաղի «գորշ գոտու» ողջ պարագծով հայկական զինված խմբավորումները լայնածավալ ականապատում են իրականացնում։

Մեկ այլ լուրջ սադրանք է սեպտեմբերի 9-ին նախագահական ընտրությունների անցկացումը Ստեփանակերտում (խմբ․)։ Ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ինչպես նաև տարածաշրջանի երկրները ևս մեկ անգամ հաստատեցին այս ընտրությունների ոչ լեգիտիմությունը։

Մեզ անհանգստացնում է նաև սահմանին և Ղարաբաղում հայկական զինված ուժերի կողմից ռազմական սադրանքների հաճախակիացումը։ Չնայած դրան, Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և ակնկալում է, որ Հայաստանը կվերադառնա կառուցողական բանակցությունների ուղի։ Պատասխանելով առաջադրված հարցին՝ կասեմ, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և շահագրգռված չէ էսկալացիայով։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը չմիջամտել Ղարաբաղի հայերի վերաինտեգրվելու գործընթացին։