Hayastan.news-ի տեղեկություններով՝ նախորդ տարվա ավարտին ոստիկանները Ծաղկաձորում կանգնեցրել են Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդու՝ Հովհաննես Ծառուկյանի՝ թիկնապահներով ուղեկցվող ավտոմեքենան ու դրանում «Գլոկ» տեսակի հրազեն հայտնաբերել։ Այդ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ էր հարուցվել։ Hayastan.news-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, ի՞նչ փուլում է վարույթը։
Քննչական կոմիտեից հայտնեցին հետևյալը․ «Նախաքննություն է իրականացվում, նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա վարույթով»։
Տարօրինակը միայն այն չէ, որ այդ գործն առաջ չի գնում, ու դանդաղ, բայց շատ հստակ հոսում է դրա վաղեմության ժամկետը։ Ավելի հետաքրքիր են դեպքի այն մանրամասները, որոնք ավելի ուշ հայտնի դարձան Hayastan.news-ին։
Նախ, ԿԸՀ-ից պարզ դարձավ, որ 2022-ին Ծառուկյանի որդին եղել է անչափահաս՝ 17 տարեկան, աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան վարել է անձամբ ինքը։ Բացի այդ, Ծառուկյանի որդին բռնվելուց հետո մի գեղեցիկ պատմություն է պատմել ոստիկաններին ու նրանք որոշել են հավատալ մի բանի, ինչին չէին հավատա, եթե պատմողը Ծառուկյանի որդին չլիներ։ Հովհաննես Ծառուկյանը ոստիկաններին պատմել է, որ զենքը քիչ առաջ է գտել՝ զբոսնելու ժամանակ, և այն ցանկանում էր հանձնել ոստիկաններին ու խնդրել է օգնել, որպեսզի այն կարողանա հանձնել։
Չգիտեմ որևէ մեկը հավատաց Հովհաննես Ծառուկյանի այս պատմությանը, թե ոչ, չգիտեմ էլ քանի՞ հոգի այս պատմությունը լսողներից կհիշի, թե որքան են իրեն քաշքշել իր ավտոմեքենայում ժանգոտված դանակ գտնելուց հետո, բայց Կոտայքի ոստիկանները, լինելով ավելի շատ Գագիկ Ծառուկյանի ոստիկանները ու բարի նրա հանդեպ, հավատացել են այս պատմությանը, զենքով բռնված Հովհաննես Ծառուկյանին չեն ձերբակալել, այլ նրան ուղեկցել են բաժին ու նա հանձնել է զենքը։
Դե իսկ գործի քննությունը, դժվար չէ նկատել, կատարվում է երկար սպասելու տրամաբանությամբ, որպեսզի Գագիկ Ծառուկյանի որդու արարքը, որի համար ուրիշներին՝ մանավանդ ակտիվ ընդդիմադիրներին, անմիջապես ձերբակալում ու կալանավորում են, վերջնականապես ներվի։