Հետևեք մեզ։

Հայկական կողմի «ռազմական սադրանքների» վերաբերյալ կեղծ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները․ Էդմոն Մարուքյան

12:12, 17 սեպտեմբեր 2023
Հայկական կողմի «ռազմական սադրանքների» վերաբերյալ կեղծ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները․ Էդմոն Մարուքյան

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմից իբր «ռազմական սադրանքների» վերաբերյալ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները։ 

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե «Բաքուն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ռազմական սադրանքներով»։

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այս բողոքը թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք վերջին շրջանում կատարել է Ադրբեջանը։ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, ունեցանք 200-ից ավելի զոհ, ունեցանք վիրավորներ, նոր ռազմագերիներ։ Այս ամենը, որ տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների գործընթացի ժամանակ, ոչ մի հիմնավորում ու արդարացում չունի․ դա չհրահրված ագրեսիա էր։ Ադրբեջանը փորձում է մոռացության տալ այս հանգամանքը։ Չնայած այն հանգամանքին, որ օկուպացրել է Հայաստանի մոտ 150 քառակուսի  կիլոմետր տարածք, Ադրբեջանը չի կատարում Հայաստանի ու միջազգային հանրության պահանջները և իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից»,-ընդգծել է Մարուքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու մյուս կալանավորներին, ինչը նրա ստանձնած պարտավորությունն է։

Վերլուծական