Հետևեք մեզ։

«Հանրապետություն» կուսակցությունն իբր ընդդիմադիր դաշտո՞ւմ է, որ մենք էլ քննարկենք՝ կոալիցիա կկազմե՞նք, թե՞ չենք կազմի․ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ

11:28, 18 սեպտեմբեր 2023
«Հանրապետություն» կուսակցությունն իբր ընդդիմադիր դաշտո՞ւմ է, որ մենք էլ քննարկենք՝ կոալիցիա կկազմե՞նք, թե՞ չենք կազմի․ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ

Երեկ կայացած Երևանի ավագանու ընտրության արդյունքներով ավագանու կազմ է անցել հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կստանա 24 մանդատ, «Ազգային առաջնթաց» կուսակցությունը, որը կստանա 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատով և «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատով։ Քանի որ ոչ մի ուժ չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, հետևաբար Երևանի քաղաքապետը կընտրվի ավագանու կազմ անցած ուժերի միավորման և դրանից հետո փակ-գաղտնի քվեարկության արդյունքում։

 

Այս պահին, սակայն, դեռ պարզ չէ՝ որ ուժը որի հետ կոալիցիա կկազմի կամ պատրա՞ստ են ընդդիմադիր համարվող երեք ուժերը՝ «Ազգային առաջնթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայն» կուսակցությունը միավորվել և իրենցից մեկ միասնական թեկնածու առաջադրել։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, որը գտնվում է Հայաստանի սահամններից դուրս և հետախուզման մեջ, այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ «Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, և կողմ է, որ կա՛մ Անդրանիկ Թևանյանը, կա՛մ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն կուսակցությանը»։

 

Մյուս ուժերից դեռ հրապարակային որևէ հայտարարություն այս մասով չկա։ Hayastan.news-ը կապ հաստատեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, նախընտրական ցուցակում երրորդ համարի ներքո հանդես եկած Մանուկ Սուքիասյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ որոշում չունեն․ «Հետագա անելիքների մասին լրացուցիչ կհայտարարենք»։ Մեր դիտարկմանը, թե ավագանու կազմ անցած ուժերի մեջ ՔՊ-ից բացի կա՞ն այլ ուժեր ևս, որոնց հետ սկզբունքորեն կոալիցիա չեն կազմի, օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության հետ պատրա՞ստ են միավորվել, Սուքիասյանն ասաց․ «Դե, «Հանրապետություն» կուսակցությունն իբր ընդդիմադիր դաշտո՞ւմ է, որ մենք էլ քննարկենք՝ կոալիցիա կկազմե՞նք, թե՞ չենք կազմի։ Արդիական չէ հարցը»։ Ինչ վերաբերում է մյուս երկու ուժերի հետ կոալիցիա կազմելուն, ապա «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչնը կրկնեց նույնը, որ իրենց հետագա անելիքների մասին առաջիկայում կհայտարարեն։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ