Հետևեք մեզ։

Ողբերգություն չէ, որ մենք չանցանք, կարևորը՝ ՔՊ-ն չանցավ․ Վիկտոր Մնացականյան

12:21, 18 սեպտեմբեր 2023
Ողբերգություն չէ, որ մենք չանցանք, կարևորը՝ ՔՊ-ն չանցավ․ Վիկտոր Մնացականյան
 
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած և 1,71 տոկոս քվե ստացած «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում ընտրությունների արդյունքները, և սպասելի՞ էր, որ ինքը չի հաղթահարի անցողիկ շեմը։
 
«Անսպասելի էր, որ մենք չանցանք, բայց կարևորը, որ ՔՊ-ն չձևավորի իշխանություն։ Այսինքն՝ ողբերգություն չէ, որ մենք չանցանք, կարևորը՝ ՔՊ-ն չանցավ»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Մնացականյանը։ Նա ավագանու կազմ անցած բոլորին է շնորհավորում, նույնիսկ՝ ՔՊ-ին, բայց մտահոգություն ունի՝ երևանցին իմունիտետ է կորցրել և չի ուզում պայքարել իր քաղաքի համար։
 
«Ինձ ցավ է պատճառում այն, որ Երևանում այդքան քիչ մարդ է գնացել ընտրության։ Մենք գիտենք, չէ՞, որ Երևանում մեծ մասը ընդդիմադիր են, բայց ինչո՞ւ չեն գնում, այ դա է խնդիրը։ Դա այն է, որ այսօրվա իշխանությունները բերել այդ ապատիային են հասցրել։ Իսկ, իրականում, էդ չգնալն էլ է բողոքի նշան, դա էլ արդեն լուռ համաձայնություն է, որ իրենք դեմ են էսօրվա իշխանությանը»,-ասաց Մնացականյանը։
 
Նա նաև նշեց, որ ընտրություններն անցել են արդար ու թափանցիկ, ինքը բողոքելու տեղ չունի։ «Ավելին ասեմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ մենք լիքը խնդիր ենք ունեցել, շատ օպերատիվ լուծել են՝ թե՛ ծրագրի հետ կապված, թե՛ օրենքի հետ կապված, թե՛ մարդկային ռեսուրսի։ Առաջին անգամ է նման բան»,-ասաց նա։ Անդրադառնալով հավանական կոալիցիաների ձևավորմանը և նրան՝ արդյոք ավագանու կազմ անցած երեք ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և Հայկ Մարությանին կընտրե՞ն քազաքապետ, Վիկտոր Մնացականյանն ասաց․ «Ես հուսով եմ, որ կառաջադրեն և կանցնի Հայկ Մարությանը։ Մեզ պետք է, որ իմ քաղաքը էդ դիլետանտներից ու էդ ՀՈԱԿ-ներից, վարչության պետերից կամ էդ անիմաստ փոխքաղաքապետերից ազատվի, որ էս երկու տարվա մեջ քաղաքին ոչ մի բանով պետք չեկան։ Ու կարևորն այն է, որ էլ միաձայն կառավարում չի լինելու, որ ռոբոտի պես քվեարկեն։ Ես համոզված եմ, որ արդեն հետաքրքիր ավագանու նիստեր են լինելու Երևանում»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով իրենց թիմին ձայն տված Երևանի 3959 բնակչին։
 
 
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ