Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը․
«Նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։ Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով:
Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝
«Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով:
Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամը զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին կարող եք ծանոթանալ այս հղումով. https://www.cba.am/Storage/AM/downloads/20000.pdf
20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում. https://www.youtube.com/watch?v=HRsDy1k3s5M»։