ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ալիևի պահանջներին՝ ասաց, որ ճիշտ չէ այն տեսակետը, թե «խաղաղության օրակարգը» փակուղում է։
«Փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է, որովհետև, այնուամենյանիվ, գործընթաց կա, և այդ գործընթացը տեղում կանգնած չէ, բայց դա չի նշանակում, որ դա կարող է զսպող գործիք լինել, որ Ադրբեջանի կողմից որևէ հերթական սադրանք չարվի»-ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ մենք ունե՞նք հնարավորություն Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար, Սիմոնյանն ասաց․ «Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի Հանրապետությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողակությունը բարձրացնելու գործով, եթե նույնիսկ ամենալավատեսական բանակցությունները լինեին»։
Հիշեցնենք, որ Ալիևը պահանջներ էր թվարկել, և ասել․ «Հայաստանը պետք է ընդունի մեր պայմանները. պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել»։