Տեղեկություններ կան այն մասին, որ ադրբեջանական զինուժը սկսել է՝ ինչպես Բաքուն է անվանում «հակաահաբեկչական միջոցառումներ» տարածաշրջանում․ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Ռուսական կողմը հորդորում է հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ճանապարհին։
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։
Ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն ապահովելու են բոլոր կողմերը։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի հաստատման և ամենաբարձր մակարդակով նշված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու նպատակով»։