Հետևեք մեզ։

Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք Արցախի դերը՝ որպես բանակցող, բարձրացրել ենք․ Ալեն Սիմոնյան

14:48, 20 մարտ 2023
Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք Արցախի դերը՝ որպես բանակցող, բարձրացրել ենք․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հետաքրքրվեցին՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը կասկածի տակ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հիշեցնելով Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը, որով հորդորում են ՀՀ իշխանություններին՝ կասկածի տակ չդնել Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը։

«Մենք որևիցե իրավունք կասկածի տակ չենք դնում, մենք խոսում ենք իրավունքների իրականացման հնարավորության մասին։ Մենք 30 տարի գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է, և տեսել ենք, թե ինչ արդյունք ենք ունեցել։ Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն, և այդ հնարավորությունը, կարծում եմ, լավագույնս օգտագործում են և իրենք են զբաղվում իրենց իրավունքներով։ Ես կսպասեմ, և մենք՝ բոլորս, կսպասենք և կաջակցենք, և կտեսնենք, թե արտաքին քաղաքական վեկտորը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանության, ԱԺ պատգամավորների, ինչ փոփոխություններ կապրի և ուր կտանի այդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ փոփոխությո՞ւն է սպասվում այդ վեկտորի հարցում, ԱԺ նախագահն ասաց․ «Գիտե՞ք ինչ, այնպես հետաքրքիր է, որ դուք զարմանալով եք ասում, որ փոփոխություն կարող է լինել որևիցե երկրի, որևիցե քաղաքական միավորի։ Իհարկե, բանակցությունները փոփոխությունների մասին են, բանակցությունը նրա մասին, թե արդյո՞ք մենք մեր դիրքորոշումները ինչով կարող ենք փոփոխել, որպեսզի համաձայնության գանք։ Ես չգիտեմ՝ փոփոխություն կլինի, թե չի լինի, համենայնդեպս՝ ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես անմիջական մասնակից Արցախի հարցի կարգավորման հարցում, բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի, և իրենք են որոշում հիմա»,-ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները և Ադրբեջանի իշխանությունները հիմա փորձում են ինչ-որ եզրեր գտնել խոսակցության, և ինքը չի կարծում, որ պետք է ինքը հիմա մտնի այդ խոսակցության արանքն ու փորձի մոդերատորի դեր խաղալ։